Ռուսաստանի կողմից Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը պաշտոնապես ճանաչելուց հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է ռուսական զորքեր տեղակայել Ուկրաինայի արևելյան հատվածում գտնվող այդ երկու շրջաններում։ Ըստ Ռուսաստանի նախագահի՝ ռուսական զորքերը տեղակայվում են այդ շրջաններ խաղաղապահ առաքելությամբ։
Հիշեցնենք, որ նախորդ օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագրեր, որով Ռուսաստանը ճանաչում է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը։ Այդ մասին Ռուսաստանի նախագահը հայտարարեց իր երկարատև ելույթում, որում մասնավորապես ասվում է․ «Անհրաժեշտ եմ համարում վաղուց ուշացած որոշում կայացնել՝ անհապաղ ճանաչել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունը։ Ես խնդրում եմ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովին աջակցել այս որոշմանը, այնուհետև վավերացնել երկու հանրապետությունների հետ բարեկամության և փոխօգնության պայմանագրերը»։ Այնուհետև իր խոսքում Վլադիմիր Պուտինը պահանջել է Ուկրաինայից անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները՝ նշելով, որ հակառակ դեպքում հնարավոր շարունակման ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ կկրի Ուկրաինայի ղեկավարությունը։
Ի պատասխան Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունները ճանաչելու Պուտինի որոշմանը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչով դիմել է Ուկրաինայի ժողովրդին՝ նշելով որ Պուտինը ըստ էության պարզապես օրինականացրել է 2014 թվականից ի վեր արդեն իսկ այդ շրջաններում առկա զորքերի առկայությունը և հավելել, որ այդ շրջանները միևնույնն է շարունակում են մնալ Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված տարածքներ։
Նմանատիպ այլ հրապարակումներ
Զելենսկին Անդրադարձել է Պուտինի Հրապարակած Հոդվածին
Լեհաստանը Ուժեղացնում է Պաշտպանությունը
Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը