Արմեն Սարգսյանը Հրաժարական է Տալիս Հանրապետության Նախագահի Պաշտոնից

president_armenia






Նյութի աղբյուր՝ ՀՀ Նախագահի Աշխատակազմ

<<Կարող է հարց ծագել՝ ինչու՞ ես հրաժարական չտվեցի այդ պահին: Պատասխանն ակնհայտ է՝ այն պատասխանատվության պատճառով, որը ես վերցրել էի ինձ վրա՝ ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը: Ես պարտավոր էի անել ինձնից կախված ամեն ինչ՝ բացառելու ներքին պառակտման հետագա խորացումը, հնարավոր բախումները, որոնք կարող էին հանգեցնել չափազանց բացասական հետևանքների: Ես նաև ձգտում էի իմ երկարամյա աշխատանքի շնորհիվ ձեռք բերած հեղինակությունը, կապերը և իմ միջազգային քաղաքական ու տնտեսական ներուժը ծառայեցնել ուժեղ և կայուն պետականության կառուցմանը:

Կրկին կարող է հարց առաջանալ, թե ինչու՞ Նախագահը չկարողացավ ազդել այն քաղաքական իրադարձությունների վրա, որոնք մեզ հասցրել են ներկայիս համազգային ճգնաժամի: Պատճառը կրկին ակնհայտ է՝ համապատասխան գործիքների պակասը, գործիքներ, որոնցով ցանկացած պետական պաշտոնյայի օժտում է բացառապես մեկ փաստաթուղթ՝ Սահմանադրությունը: Հենց գործող Հիմնական օրենքի մեջ են թաքնված մեր որոշ կարևոր խնդիրների արմատները:

Մենք ապրում ենք յուրատեսակ իրականության մեջ, իրականություն, որտեղ Նախագահը չի կարող ազդել պատերազմին և խաղաղությանը վերաբերող հարցերի վրա:
Իրականություն, երբ նա չի կարող վետո կիրառել այն օրենքների վրա, որոնք համարում է պետության և ժողովրդի համար ոչ նպատակահարմար:
Իրականություն, երբ Նախագահի հնարավորություններն ընկալվում են ոչ թե որպես առավելություն պետության համար, այլ՝ տարբեր քաղաքական խմբերի կողմից դիտարկվում են որպես իրենց սպառնացող վտանգ:
Իրականություն, որտեղ Նախագահն իր ներուժի գերակշիռ մասը չի կարողանում օգտագործել ի նպաստ համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների լուծման:
Ես շատ երկար եմ մտածել և որոշել եմ մոտ չորս տարի ակտիվ աշխատելուց հետո հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից:
Այդ որոշումը բացարձակապես էմոցիոնալ չէ և բխում է որոշակի տրամաբանությունից:
Նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա:

Այսօր, ինչպես երբեք, անհրաժեշտ են իմաստալից, խորը մտածված,կշռադատված և բովանդակալից գործողություններ: Այլապես մենք՝ ողջ աշխարհի հայությունը, չենք հասնի մեր առաքելության նպատակին և կհայտնվենք պատմության լուսանցքում: