Հայաստանի և Ֆրանսիայի Միջև Ստորագրվել է «Հայ-Ֆրանսիական Տնտեսական Համագործակցության Ճանապարհային Քարտեզը»

 

Armenia_France_economic_relations







Դեկտեմբերի 9-ին Փարիզում տեղի է ունեցել Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի առաջին համատեղ նիստը։ Միջոցառմանը հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ֆրանսիականը՝ Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը։

Իր խոսքում նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել պետքարտուղար Լըմուանին՝ ջերմ հյուրընկալության և արդյունավետ քննարկումների կազմակերպմանն օժանդակելու համար՝ ընդգծելով, որ համատեղ նիստի անցկացումը շուրջ մեկ տարի տևած երկկողմ հետևողական աշխատանքի և երկու երկրների ղեկավարների մակարդակով ներդրված ջանքերի և ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքն է: 

Նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը և Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Լըմուանը ստորագրել են «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզը»։ Փաստաթղթի հիմնական նպատակն է Հայաստանի և Ֆրանսիայի միջև ստեղծել առաջիկա հինգ տարիների համար նախատեսվող երկկողմ տնտեսական ծրագրերի ռազմավարություն ու համագործակցության շրջանակը, որը ընդգրկելու է ենթակառուցվածքների, քաղաքաշինության, էներգետիկայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, նորարարության և բարձր տեխնոլոգիաների, առողջապահության և հեռանկարային այլ ոլորտներ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ քննարկումների ընթացքում երկուստեք կարևորվել է հայ-ֆրանսիական առևտրատնտեսական կապերի դիվերսիֆիկացումը, համագործակցությունը տնտեսական նոր ծրագրերով հարստացնելու անհրաժեշտությունը և փոխադարձ ներդրումների աշխուժացումը։ Զրուցակիցները նշել են նաև Ֆրանսիայի և Հայաստանի գործարար շրջանակների միջև շփումների ակտիվացման անհրաժեշտության մասին, մասնավորապես՝ պատվիրակությունների փոխայցելությունների և տնտեսական միջոցառումների կազմակերպման միջոցով։ Ընդգծվել է նաև Զարգացման ֆրանսիական գործակալության ընթացիկ գործունեությունը Հայաստանում և կարևորվել նոր ծրագրերի իրականացումը։

Իրադարձությանը նաև անդրադարձել է Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոթը՝ ֆեյսբուքյան իր էջում նշելով․ «Շատ լավ արդյունք, ուրախ եմ, որ իմ մասնակցությունն եմ ունեցել այդ արդյունքին հասնելու համար մեկնարկած աշխատանքներին, որպեսզի տնտեսական համագործակցությունը լինի մեր երկրների միջև առկա քաղաքական հարաբերությունների հիմքում»։

Լուսանկարը՝  https://mfa.am/

Նմանատիպ այլ հրապարակումներ

Արարատ Միրզոյանը Ընդունել է Եվրոպական Միության Պատվիրակությանը

9․5 Միլիոն Դոլար Աջակցություն՝ Ուղղված Հայաստանում Կոռուպցիայի Դեմ Պայքարին

Արարատ Միրզոյանը Մասնակցել է ԵԱՀԿ Նախարարական 28-րդ Համաժողովին

Հայաստանի և Լիտվայի Միջև Ստորագրվել է 2022թ. Երկկողմ Ռազմական Համագործակցության Ծրագիրը