Բյուրոկրատիա․ Իսկ Ո՞րն է Այլընտրանքը


bureaucracy_management_advantages      
     

    Հետևեք Realeader-ին նաև Facebook-ում
    
     

   

Բյուրոկրատական համակարգը մարդկանց մոտ հաճախ առաջացնում է այն տպավորությունը, որ սահմանված անիմաստ կանոններին հետևելը ավելի կարևոր է, քան նախատեսված աշխատանքը արդյունավետ կատարելը։ Մինչդեռ բյուրոկրատական համակարգի հիմնական նպատակներից մեկը հենց այդ արդյունավետությունը բարձրացնելն է։ Բյուրոկրատիաների առաջնահերթ նպատակը կառավարությանը կամ որևէ կազմակերպությանը օգնելն է սահուն և արդյունավետ աշխատելու գործում: Ճիշտ կիրառելու դեպքում՝ այդ համակարգը ունի մի շարք առավելություններ, սակայն հնարավոր թերությունները անտեսելու, ճիշտ չգնահատելու կամ չվերահսկելու պարագայում այն կարող է առաջացնել նաև հավելյալ խնդիրներ։

Բյուրոկրատական համակարգի հիմնական առանձնահատկություններն են՝

·        կազմակերպչական արդյունավետության ապահովման գործում ընթացակարգային օրինաչափության շեշտադրումը,

·        հաշվետվողականության և պատասխանատվության հստակ սահմանված հիերարխիկ համակարգը,

·        գործառնությունների մասնագիտական-ոլորտային տարանջատումը,

·        աշխատանքի և պարտականությունների բաժանումը,

·        ֆորմալ կանոնները կամ գործառնական ստանդարտ ընթացակարգերը, դրանց շարունակականությունն ու իրավական հիմքը 

Բյուրոկրատիայի օգուտը հասարակության համար կայանում է նրանում, որ այն առաջացնում է մի մեխանիզմ, որը բարձրացնում է պատասխանատվությունը՝ հստակ սահմանված օրենքների ու կանոնների միջոցով, որոնք իրենց հերթին բխում են տվյալ հասարակության կամ կազմակերպության ընդհանուր շահից։ Խնդիրների ի հայտ գալու դեպքում դրանք ստանում են արագ լուծում նախքան կարող են անդրադառնալ կամ որևէ ազդեցություն ունենալ հետագա գործընթացի վրա։ Այն նաև ենթադրում է հավասարության համար ավելի նպաստավոր պայմաններ, քանզի կախման մեջ գտնվելով որոշակի օրենքներից՝ որոշակի հարաբերությունները կամ աշխատողի անձնական նախապատվությունը չի կարող ազդել հիմնական որոշման կամ գործընթացի արդյունքի վրա։ Բյուրոկրատական համակարգը հստակ սահմանազատում է աշխատողների գործառութները ու պարտականությունները՝ խթանելով նաև թիմային աշխատանքը։ Հստակ սահմանելով, թե ով ինչի համար է պատասխանատու՝ բյուրոկրատական համակարգը առավել հստակեցնում է նաև սպասելիքները և աշխատողներից ակնկալվող արդյունքը։

Սակայն բյուրոկրատական համակարգերի երկակիությունը կայանում է հենց նրանում, որ նշված առանձնահատկությունները որքանով կարող են դրական ազդեցություն ունենալ կառավարման գործընթացում, նույնքան կարող են բացասաբար անդրադառնալ այդ գործընթացի արդյունավետության վրա։ Այդ խնդիրներից մի քանիսը կարող են լինել օրինակ՝ չափից շատ, բարդ ու խճճված կանոնների և ընթացակարգերի առկայությունը, որոնք պարտադիր պետք է պահպանվեն ինչ-որ բան կատարելու համար, կամ կոնֆլիկտային իրավիճակների ի հայտ գալը, երբ երկու կամ ավելի ստորաբաժանումների նպատակները կամ շահերը կարող են չհամընկնել։

Հավելյալ կանոնները կարող են առաջացնել լրացուցիչ աշխատանք, ինչպիսիք են օրինակ՝ լրացուցիչ ձևաթղթեր լրացնելը կամ հավելյալ գնահատում իրականացնելը։ Նման գործընթացը կարող է դանդաղեցնել կատարվելիք աշխատանքը և ազդել ընդհանուր արդյունավետության վրա։ Աշխատանքի որակը կարող է տուժել նաև այն առումով, որ աշխատակիցները իրենց գործողություններում կախված են կազմակերպության կողմից սահմանված օրենքների կամ կանոնների շրջանակներում գործելու պահանջից։ Դա նշանակում է, որ նույնիսկ անհրաժեշտության դեպքում նրանք շատ դեպքերում չեն կարող ընդունել կոնկրետ իրավիճակից բխող սեփական որոշումներ։

Թերություններից մեկն էլ այն է, որ բյուրոկրատական համակարգը նվազեցնում է փոփոխվող իրավիճակներին արագ արձագանքելու հնարավորությունը։ Դա այն պատճառով է, որ բյուրոկրատիան այնքան հստակ է սահմանազատում աշխատանքային գործառույթները, և այնքան կախված են այդ գործառույթները մեկը մյուսից, որ ցանկացած փոփոխություն կարող է ենթադրել փոփոխություն նաև այլ գործառույթների համար, ինչն էլ կարող է հանգեցնել գործառույթների միջև որոշակի հակասությունների և աշխատանքի ձգձգման։ Իսկ եթե այդ փոփոխվող իրավիճակները կրում են շարունակական բնույթ, ապա անընդհատ փոփոխություններ կատարելը դառնում է անխուսափելի, հակառակ դեպքում՝ գործող կանոնները առաջացած նոր պայմաններում կարող են դառնալ անօգուտ և անտեղին։ Անհրաժեշտ փոփոխությունների բացակայությունը կամ հապաղումը կարող է աշխատանքային գործընթացը դարձնել չափազանց անարդյունավետ։

Թեպետ բյուրոկրատական համակարգի մի շարք թերություններին և դրանցից բխող բազում դժգոհություններին՝ դժվար է գտնել որևէ այլ համակարգ, որը արդյունավետ կառավարման տեսանկյունից կարող է ապահովել այնպիսի մոդել, որը իր մեջ կներառի նաև բյուրոկրատական համակարգի բոլոր առավելությունները։ Աշխատանքային գործընթացի արդյունավետ կազմակերպման և ղեկավարման պարագայում՝ բյուրոկրատական համակարգի առավելությունները կարող են մեծացնել այդ համակարգի օգուտները և նվազեցնել դրա թերությունները՝ մասնավորապես աշխատանքային արդյունավետությանը խանգարող խոչընդոտները։ Մինչդեռ վատ ղեկավարման դեպքում բյուրոկրատական համակարգի առաջացրած խնդիրներն ու վնասները կարող են լինել ավելին, քան ակնկալվող օգուտը կամ արդյունավետությունը։


Նմանատիպ այլ հրապարակումներ

Ինչպե՞ս Բարելավել Թիմային Աշխատանքը

Ինչո՞ւ է Հաճախորդների Սպասարկումը Այդքան Կարևոր Բիզնեսի Զարգացման Համար

Որո՞նք են Զբոսաշրջիկների Ամենասիրելի Վայրերը Հայաստանում

4 Պատճառ, թե Ինչու են Որոշ Մարդիկ Ֆիլմերը Գերադասում Գրքերից