Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի Նախագահները Ստորագրեցին Եվրոպական Ինտեգրման Վերաբերյալ Համատեղ Հայտարարություն

europe_ukraine_georgia_moldova


     Հետևեք Realeader-ին նաև Facebook-ում
            





Բաթումիում տեղի ունեցած 17-րդ միջազգային համաժողովում Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի նախագահները ստորագրեցին եվրոպական ինտեգրման վերաբերյալ համատեղ հայտարարություն: Ասոցացված Եռյակ -ի ընդհանուր ուղերձն է ամրապնդել Արևելյան գործընկերությունը և համատեղ ջանքերը եվրոպական ինտեգրման ուղղությամբ:

«Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի ղեկավարները հավաքվել են Բաթումիում` երկրների միջև ամրապնդելու եռակողմ համագործակցությունը  եվրաինտեգրման հարցում և վերահաստատելու պարտավորությունը` միասին աշխատելու Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի համար խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ եվրոպական ապագայի հաստատման գործում», - ասված է համատեղ հայտարարության մեջ:

Հայտարարության փաստաթղթի մեջ նշվում է նաև, որ «Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրերը բարեփոխումների և դրանց շարունակական իրականացման հիմնական ճանապարհային քարտեզներն են: Եվրոպական հեռանկարը երեք Ասոցացված գործընկերների համար ուժեղ խթան կհանդիսանա էլ ավելի խորը և ավելի ընդգրկուն բարեփոխումների համար»:

Ասոցացված Եռյակ -ի անդամ երկրների նախագահները հայտարարությունը ստորագրելուց հետո հանդես եկան առանձին խոսքով։ 

«Մենք շատ ընդհանրություններ ունենք՝ ընդհանուր անցյալ, մեր ինքնիշխանության և տարածքային ամբողջականությանը սպառնացող ընդհանուր խնդիրներ, մեր անվտանգությանը սպառնացող ընդհանուր մարտահրավերներ, որոնք կարող են գալ ինչպես արտաքին ուժերից, այնպես էլ ներքին ուժերից: Բայց մեզ կապում է նաև այն, որ մենք չենք ցանկանում վերադառնալ անցյալին, մենք պատրաստ ենք և վճռական ենք պայքարել հանուն մեր եվրոպական ապագայի, խուսափելու ներսում բևեռացման սպառնալիքներից և դրսի սադրանքներից», - նշել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

«Մեր մասնակցությունը Բաթումիի 17-րդ միջազգային համաժողովին, որը հանդիսանում է որպես ԵՄ և Արևելյան գործընկեր երկրների միջև հարաբերությունների ամրապնդման ռազմավարական հարթակ, հիանալի հնարավորություն է` ընդգծելու արևելյան գործընկերության քաղաքականության կարևորությունը մեր երկրների համար, ինչպես նաև հաստատելու հանուն խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ եվրոպական ապագային միտված համատեղ աշխատելու մեր խոստումը», - նշել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն։

«Մենք առաջին անգամ հավաքվել ենք Եվրոպային ուղղված մեր նպատակների համատեքստում և շատ կարևոր քայլեր ենք կատարել դեպի եվրաինտեգրում: Մենք հաստատել ենք Եվրամիության լիիրավ անդամ դառնալու մեր ընդհանուր նպատակը: Մեզ միավորում է ոչ միայն այդ նպատակը, այլև մեր երկրների լիարժեք եվրոպական ինտեգրմանը հասնելու և ձեռք ձեռքի տված այդ ճանապարհով անցնելու ցանկությունը: Այդ նպատակը հնարավոր է», - նշել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:


Նմանատիպ այլ հրապարակումներ

Զելենսկին Անդրադարձել է Պուտինի Հրապարակած Հոդվածին

Նախագահ Արմեն Սարգսյանը Պետական Այցով Մեկնել է Իտալիա

Լեհաստանը Ուժեղացնում է Պաշտպանությունը

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը