ՀՀ երկրորդ նախագահ և «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու որոշում է կայացրել։ Այդ մասին նա հանրությանը տեղեկացրեց իր ֆեյսբուքյան էջի միջոցով։ «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը արդեն իսկ ԿԸՀ -ին ներկայացրել է պատգամավորի մանդատից հրաժարվելու՝ Քոչարյանի որոշման մասին դիմումը:
Պատգամավորական մանդատից հրաժարվելու պատճառներից մեկը Ռոբերտ Քոչարյանի խոսքով այն է, որ բնավորության կերտվածքով միշտ հանդիսացել է գործադիր իշխանության մարդ և գտնում է, որ Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոններից հետո չպետք է գայթակղվի պատգամավորի մանդատով։ Միևնույն Ժամանակ Քոչարյանը նշում է, որ Ազգային Ժողով չգնալը չի նշանակում դուրս գալ պայքարից։ Նա շարունակելու է մնալ Դաշինքի առաջնորդը և հետեւողական աշխատանքով նպաստելու է դաշինքի գործունեությանը։
Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Հայաստան» դաշինքը ստացել էր քվեների 21%-ից քիչ ավելին, ինչի արդյունքում էլ 8-րդ գումարման Ազգային Ժողովում ներկայացված կլինի 29 պատգամավորով։
Նմանատիպ այլ հրապարակումներ